ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Իսկ դու արդեն «ճակատ» ունե՞ս

Իսկ դու արդեն «ճակատ» ունե՞ս
23.10.2015 | 00:59

Այն, ինչ կատարվում է սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի շուրջ, ոչ թե մարկեսյան, այլ զավեշտի շարքից է: Սֆինքսյան այդ մարմինն ունի հազար ձեռք, որոնցում երկու հազար մոմ է վառվում` «անհայտ աստվածների» ու կուռքերի համար, այդ իսկ պատճառով էլ ճիշտ կլինի այդ «ճակատները» համարակալել, որպեսզի հնարավոր լինի հասկանալ` ով ում համար է մարտնչում:
Կանգ առնենք ամենասրբազան պատերազմի` «Նոր Հայաստանի» խաչակիրների` Ժիրայր Սէֆիլյանի և «Ժառանգության» (կա՞ նման կուսակցություն՝ հարցրինք, ասացին՝ կա, բայց ղեկավարն էլի հույժ շտապ գործերով գնացել է ԱՄՆ, երբ կգա, չգիտեն, չեն կարող ասել) վրա:
Այս «ճակատում», ինչպես տեսնում եք, բացահայտ ապստամբությունը ներխառնված է պարտիզանական պայքարի «տեսլականների» հետ: Իսկ թե ցայսօր ինչի՞ են ընդունակ եղել այս երկու «տեսլականները», չհիշեցնենք, որովհետև նախագահական ընտրություններում մոտ քառասուն տոկոս ունեցող Րաֆֆին այդ տոկոսները փոշիացրեց` մինչև Բաղրամյան-26-ից հասավ Ազատության հրապարակ:
Արցախյան ճակատում հերոսացած և հայաստանյան ներքաղաքական դաշտում իր հերոսացման ասքը դեռ չկերտած, սակայն նույն ոգով մարտնչող (մանավանդ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին Արցախ հասած, Արցախը ներքաղաքական խնդիրների մեջ ներխառնելու լայնամասշտաբ «նախագծերով» տոգորված), Քոչարյանին «դուրս հրող», Օսկանյանի «Սիվիլիթասի»` նյութատեխնիկական բազայի վրա կայացած և այսօր էլ շարունակվող Ժիրայր Սէֆիլյանի «մասով» նկատենք.
ա) տարածաշրջանային լարվածության ու մարտահրավերների այս փուլում, որքան էլ ինքը և յուր «լայն ճակատը» վճռական են տրամադրված ապստամբության, ոստիկանությանը հակահարված-համարժեք պատասխան տալու, իշխանափոխություն անելու հարցում. յուր «գժուկության» մեջ մի երկու սթափեցնող հաշիվ-ֆակտուրա ներկայացնելով, օգնենք այդ ճակատին:
Սէֆիլյանը, ով դեռ նախագահական ընտրությունների ժամանակ էր Րաֆֆի Հովհաննիսյանին հրահրում զինված ապստամբության ու մերժվում, պետք է լավ հասկանա, որ այս անգամ ևս Րաֆֆու կողմից կդատապարտվի լքման: Նախ, որ Րաֆֆիի էությունը չէ դա: Եվ հետո` Րաֆֆին սիրում է ոստիկաններին ու նրանց Զորավարին: Եվ ապա, արդյո՞ք Ժիրայրը չի մտածել, որ Րաֆֆին իր «ճակատի» մեջ ներդրված է որպես «տրոյական ձի», որը, հարկավոր պահին հետ քաշվելով, կավերի Ժիրայրի պատերին անիմաստ խփվող «ճակատը»` «պակասեցնելով» այն:
բ) Ժիրայրը երբևէ մտածե՞լ է, թե ինչու Լևոն Զուրաբյանենք առանձին ճակատ են ստեղծում։ Չէ, պատճառը միայն նյութատեխնիկական «բազան» ու սպասումները չեն: Քոչարյանն էլ չէ, ում մասին Զուրաբյանն ասաց՝ էրնեկ չէ՞ր մտներ քաղաքականություն (Քոչարյանը պարզապես հանրաքվեի այս փուլում չի ցանկանում «նյութատեխնիկա» շատ օգտագործել, նա կտեսնի` ինչ է կատարվում, և եթե պահը հասունանա, խաղի մեջ կմտնի խորհրդարանական ընտրությունների շեմին, որպեսզի ավելորդ «նյութատեխնիկա» չծախսի, առանց այն էլ ավելորդ շատ ծախսվեց այս տարիներին` խիստ անիմաստ):
Պատճառը, պարոն Սէֆիլյան, կրկին «տրոյական ձիու» առկայությունն է «Ոչ»-ի ճամբարում: Զուրաբյանենք նախ կապահովեն «դեմոկրատիկ» շղարշը (բա հո մենակ «Այո»-ի շտաբը չէ՞ր մասնակցելու այս թատրոնին` «հաց» ապահովեր) և ապա` իրենց գոյությամբ ամեն րոպե կխանգարեն Սէֆիլյանենց` սեփական ցույցերը կազմակերպելով, ժողովրդին ընտրագույնս շեղելով, մանավանդ որ, ի տարբերություն «Ոչ»-ի ճակատի, իրենք տեղերում լուրջ կառույցներ ունեն, խորհրդարանական ուժ են` քարոզչության ժամ ունեն հեուստաընկերություններում, ընտրական հանձնաժողովներում էլ` տեղեր:
Մնում է Ժիրայրի համար հնչեցնել վերջին հարցը.
-Իսկ ո՞վ է կանգնած Զուրաբյանենց թիկունքում:
Չենք պատասխանի, որովհետև շատ հեշտ է գլխի ընկնելը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ